logo-social_rGLMW.jpg

Բողոքի ակցիա Երևանում. ակտիվիստները պահանջում են փակել «Սորոսի հիմնադրամը»

«ՎԵՏՕ» շարժման ակտիվիստները պատրաստվում են «Սորոսի դեմ պայքարել Սորոսի մեթոդներով»։

«ՎԵՏՕ» շարժումն այսօր բողոքի ակցիա էր կազմակերպել «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց:

«Մենք քաղաքական քննարկումների օրակարգ ենք սկսել` ՀՀ–ում օտարերկրյա գործակալական ցանցի դեմ պայքարում։ Երեկ «Բաց հասարակությունների հիմնադրամի» ղեկավար Լարիսա Մինասյանն իմ դեմ հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, ու ինձ կանչել են ոստիկանություն։ Սակայն ես չէի կարող գնալ ոստիկանություն, քանի որ հիմա այստեղ ինքնաբուխ բողոքի ակցիա եմ անում»,– ասաց ակտիվիստ, «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Ակցիայի մասնակցները պահանջում էին դադարեցնել «Բաց հասարակությունների հիմնադրամի» գործունեությունը Հայաստանում։

Մալյանի խոսքով` իշխանությունը` հանձինս Նիկոլ Փաշինյանի, գտնվում է «Սորոսի տակ», կատարում նրա հրահանգները։

Ցուցարարները փորձում էին մտնել գրասենյակ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։ Մալյանը հայտարարեց, որ իրենք ավարտում են ակցիան, բայց «Սորոսի դեմ պայքարելու են Սորոսի մեթոդներով»։

Նշենք, որ Լարիսա Մինասյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ՝ նշելով, որ վերջինս պատրաստվում է արգելափակել հիմնադրամի գրասենյակի մուտքը:

Մալյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ոստիկանության ծանուցումը, ըստ որի՝ նրան հրավիրում էին ոստիկանության կենտրոնական բաժին՝ նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով:

armeniasputnik.am