screenshot-458_6IReK.png

ԱԺ շենքի դիմաց բեմադրվեց «Չաուշեսկուների գնդակահարությունը» կամ «Մահ դավաճաններին» ներկայացումը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։ Մինչ նախատեսված հանրահավաքի մեկնարկը, ՎԵՏՕ շարժման անդամները ԱԺ շենքի դիմաց բեմադրեցին «Չաուշեսկուների գնադակահարությունը» կամ «Մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը։ Բեմադրողը Նարեկ Մալյանն է։

Բեմականացումից հետո նա լրագրողներին տեղեկացրեց, որ իր վրա կա հարուցված 6 քրգործ, որից մեկը նշյալ ներկայացման մասով։

«Մեր իշխանությունը գտավ, որ «Մահ դավաճաններին» կոչը վտանգ է պարունակում իրենց՝ դավաճանների նկատմամբ։ Բռնության կոչեր հնչեցնելու և «Չաուշեսկուի գնդակահարության»  ներկայացման առթիվ ինձ ձերբակալեցին և զրկեցին ազատությունից, դատարանով դուրս եկա։ Այնպես որ, ես սրա համար արդեն նստել եմ, նոր բան պետք է մտածեն իշխանությունները»,- ասաց Մալյանը։

Անդրադառնալով ներկայացման նպատակին՝ նա նշեց.

«Ներկայացումը նվիրված էր Չաուշեսկու ընտանիքի գնդակահարությանը և նաև խորհրդանշական կրում էր «Մահ դավաճանին» վերնագիրը։ Ի դեպ, ասեմ, որ բանակը Չաուշեսկուի գնդակահարությունից առաջ անցավ ժողովրդի կողմը, սակայն մինչև վերջ ռումինական ԱԱԾ-ն մնաց Չաուշեսկուի կողքին։ Ըստ էության , սա մեծ ողբերգություն է, դրամա, որտեղ իշխանությանը կպած զույգը, սոսնձված զույգն ունենում է նման վերջաբան»,- ասաց նա։

Panorama.am