Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև նա այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովրդին որևէ տեղ, հատկապես՝ արտաքին քաղաքականության ոլորտում: Որևէ այլ երկրի ղեկավար չի հարգում նրան: Դրանից հետո ինքը ո՞նց է բանակցելու: Այս մասին Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«Եթե գոյություն ունի նույնիսկ 1 տոկոս հնարավորություն, որ դավաճան և մեր հողերը կապիտուլյացիայի ենթարկած վարչապետի հեռանալուց հետո մենք գոնե մեկ գյուղ հետ կբերենք, ապա անիմաստ է քննարկել հետագա քայլերը»,-նշեց Մալյանը:
Վերջինս ընդգծեց՝ քիչ առաջ տեղեկացանք, որ ևս 7 գյուղ, որոնք ընդգրկված չէին դավաճանական փաստաթղթի մեջ, Նիկոլ Փաշինյանը հանձնել է: «Դրա՞նք էլ էին դժգույն, դժբախտ գյուղեր»,-նշեց նա՝ հավելելով, թե Փաշինյանը պետք է հեռանա, որ հնարավոր լինի փորձել փշուրներից կարգի բերել երկիրը:
Մալյանի կարծիքով՝ ժողովրդի աջակցությունը վայելող, ճիշտ բանակցողի դեպքում հնարավոր է բարենպաստ պայմաններ ստեղծել:
Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանն իր հետևողական քաղաքականությամբ երկիրը հասցրել է աղետի, այդ պատճառով էլ երկիրը կանգնել է վատագույնի և աղետի միջև ընտրության առաջ:
Մանրամասները՝ տեսանյութում: