press-logos4_Xyc51.jpg

Ինչու՞ ոստիկանները, դատարանները, ԱԺ-ն թողած, պաշտպանում են «Սորոսի» դարպասները․ Մալյան

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումը հայատարարել է, որ ինքնաբուխ ակցիա է իրականացնում «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի գրասենյակի դիմաց:

«Խաղաղ ակցիային մասնակցելը չունի որևէ իրավական հետևանք, իսկ եթե այդպիսիք փորձեն սարքել, ապա ողջ պատասխանատվությունն ինքնակամ ստանձնում է Նարեկ Մալյանը», - գրել էր շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Երբ նա փորձեց մոտենալ հիմնադրամի գրասենյակին՝ ոստիկանները հրելով, քաշքշելով, փակեցին վերջինիս ճանապարհը։

«Ես ասում եմ, որ չես անցնելու», - ասաց Նարեկ Մալյանին հրող ոստիկանը՝ հայտարարելով, որ թույլ չի տալու մոտենալ գրասենյակին։

Նարեկ Մալյանն ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու ոստիկանները, դատարանները, Ազգային ժողովը թողած, եկել պաշտպանում են «Սորոսի» դարպասները։

Հիշեցնենք, որ «Բաց հասարակությունների հիմնադրամի» ղեկավար Լարիսա Մինասյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ՝ նշելով, որ վերջինս պատրաստվում է արգելափակել հիմնադրամի գրասենյակի մուտքը:

Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Ոստիկանության ծանուցումը, ըստ որի՝ վերջինիս հրավիրում էին Ոստիկանության կենտրոնական բաժին՝ նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով: «Սիրելի ոստիկանության հետաքննիչ Գ. Աջամօղլյան. ցավում եմ, որ չեմ կարող վաղը` 31.05.2019 թ. ներկայանալ ոստիկանության կենտրոնի բաժին, քանի որ վաղը ժամը 12:00-ին ինքնաբուխ պիկետ եմ իրականացնելու Սորոսի գրասենյակի դիմաց: Ես գալու եմ եւ արգելափակելու եմ Սորոսի հիմնադրամի մուտքը, ճիշտ այնպես, ինչպես արգելափակեցին դատարանների մուտքերը»,- հրապարակված լուսանկարին կից գրել էր Նարեկ Մալյանը:

«ՎԵՏՕ» շարժումը նաեւ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենց նպատակը Հայաստանը Սորոսի ցանցից մաքրելն է այդ օրակարգից չեն հրաժարվի անգամ եթե Ջորջ Սորոսն անձամբ հաղորդում ներկայացնի ոստիկանություն կամ փորձի իր վարձու գործակալների միջոցով տապալել իրենց ակցիաները:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայանցում ենք ստորեւ.

«ՎԵՏՕ» շարժումը հայտարարում է, որ ծիծաղելի են Սորոսի փողերով սնվող, տարիներ շարունակ ատելություն եւ թշնամանք սերմանող մարդկանց կլյաուզաները, զավեշտալի բողոքները, հաղորդումները եւ մնացած այլ իրենց հարիր կեղտոտ խաղերը:

«ՎԵՏՕ»-ն ունի սեփական գործողությունների օրակարգ, որը չի կարող փոխվել նույնիսկ այն դեպքում, եթե Ջորջ Սորոսն անձամբ հաղորդում ներկայացնի ոստիկանություն կամ փորձի իր վարձու գործակալների միջոցով խափանել մեր ակցիաները:

«ՎԵՏՕ»-ի նպատակն է մաքրել մեր պետությունը երկու կոպեկի համար երկիրը վաճառելու պատրաստ գործակալներից, Սորոսի ցանցից, որն արդեն հարմար տեղավորվել է ԱԺ-ում ու կառավարությունում, եւ այս խնդրի իրագործման ճանապարհին մեզ ոչ Լարիսա Մինասյանի հաղորդումները կարող են կանգնեցնել, ոչ էլ սորոսականների վայնասունները:

Մենք ունենք օրակարգ, որն իրագործելու ենք ճիշտ այնպես, ինչպես պլանավորում ենք: Վերջնագիր երկիրը տվող օտարներին»:

slaq.am