fb-share_4-N_7.png

«Բաց հասարակության հիմնադրամները» պետք է դուրս գա Հայաստանից, գրասենյակի տնօրենն իր թիկունքում միշտ զգալու է մեր շնչառությունը. ՎԵՏՕ-ն բողոքի ակցիա իրականացրեց

ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի նախաձեռնությամբ «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի առջև անցկացվում է բողոքի ակցիա: Այս մասին նախապես ֆեյբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր Մալյանը՝ ասելով, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի տնօրեն, իր բնորոշմամբ «ՀՀ վարչապետ Լարիսա Մինասյանը» դժգոհել էր արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականի առիթով: Նարեկ Մալյանը նշել էր նաև, որ Արտակ Զեյնալյանն ակտիվ գործակցում էր «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի հետ, որը ֆինանսավորում է Ջորջ Սորոսը:

Նարեկ Մալյանն ուղիղ եթերում ասել էր, որ Արտակ Զեյնալյանը, հասկանալով, որ այն պայմանները, որ դնում է  Ջորջ Սորոսն իր առջև, ապապետական են և պետականաքանդ, ու հրաժարվեց դրանք ի կատար ածելուց: Նրա խոսքով՝ դա զայրացրել է Լարիսա Մինասյանին, որն էլ ստիպել է Զեյնալյանին, որ հրաժարականի դիմում ներկայացնի: 

«Այդ նույն տրամաբանությամբ Սորոսի գրասենյակը պահանջում է վարչապետից, որ Հայաստանում արդարադատության նախարար նշանակվի Ռուստամ Բադասյանը, ում կենսագրական առանձին դրվագներին մենք կանդրադառնանք, խոսքը հատկապես նրա զինծառայությունից խուսափելու մասին է՝ ինչ-որ հիվանդության պատճառով: Այս պահին փակագծեր չեմ բացի, թող նշանակումը լինի, նոր: Այս թեմայով հրապարակելու բազմաթիվ նյութեր ունենք դեռ»,- նշել էր Նարեկ Մալյանը:

Հայաստանում կան ամերիկացի, հրեա միլիարդատերի կողմից վարձկաններ, ովքեր քննադատում են մեր պետությունը, մեր իրավապահ համակարգը, կեղծ, ստոր քննադատությամբ փորձում են քանդել մեր պետականության հիմքերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Մենք կիրականացնենք մեր արգելափակման ակցիան, թույլ չենք տա՝ այս գրասենյակ մարդ մտնի և դուրս գա: Կփորձենք 2 ժամով այդ գրանտները, դոլարի դիմաց պետություն ծախելը կանգնեցնենք»,- նշեց նա:

Հարցին՝ ինչքա՞ն ժամանակ են այստեղ մնալու՝ Մալյանն ասաց, որ միշտ այստեղ են լինելու, միշտ խանգարելու են, «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանը զգալու է իրենց շնչառությունը թիկունքում, քանի որ իրենց գրասենյակը մոտ է այս գրասենյակին:

Նա նշեց, որ պետք է «Բաց հասարակության հիմնադրամների» գրասենյակը դուրս գա Հայաստանից: «Սորոսի վարձկաններն ասում են, որ մենք պահանջում ենք ինչ-որ բան իրենց գրասենյակից: Մենք մեր պետությունից ենք պահանջում ուշադրություն դարձնել այս հարցին՝ ձեռնարկել քայլեր այս գրասենյակի գործունեությունը կասեցնելու համար»,- նշեց նա:

«Տիկին Լարիսա, եթե Դուք այդքան մաքուր եք ինչո՞ւ եք փախչում ինձ հետ բանավեճից»: Այս մասին «Բաց հասարակության հիմնադրամների» գրասենյակի դիմաց, դիմելով հիմնադրամի նախագահ Լարիսա Մինասյանին՝ ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Եթե այդքան լավ ու բարի գործեր եք կատարում Հայաստանում, ինչո՞ւ եք վախեցած փախնում ուղիղ եթերով Հանրային հեռուստաընկերությամբ իմ հետ բանավեճի հրավերից, ինչու չե՞ք գալիս ու ձեր ձեռքի տակ եղած փաստերով ջախջախում ինձ:

Ինչո՞ւ եք թաքնվում ոստիկանության շարքերի հետևում: Այդ ո՞ր մի բարեգործական հիմնադրամն է թաքնվում ոստիկանության շարքերի հետևում: Աշխարհում չկա նման նախադեպ, եթե ձեր գործունեությունը բարեգործական է, ինչո՞ւ եք թաքնվում»,- ասաց Մալյանը

Հավելենք, որ շարժման անդամները կեղծ դոլարներ են բերել իրենց հետ ակցիային և առաջարկում են, որ Սորոսից փող ստացողները դրանից օգտվեն: «Գուցե սրանով կշտանաք: Կներեք, որ կեղծ է, իրականի հնարավորություն չունենք այս պահին»,- ասաց Մալյանը:

«Բաց հասարակության հիմնադրամների» գրասենյակի դեմ բողոքի ակցիա իրականացնող ՎԵՏՕ շարժման անդամներին միացան նաև «Ադեվադ» ՀԿ-ի անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանն ու Արթուր Դանիելյանը:

Կոնստանտին Տեր-Նակալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել են զորակցելու իրենց ընկեր Նարեկ Մալյանին, որովհետև Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալների ցանցի օկուպացիոն ռեժիմ:

«Եվ այդ բուրգի բաղկացուցիչ մասերից մեկը Սորոսի հիմնադրամն է: Այնպես որ, եկել ենք մեր զորակցությունը հայտնենք Նարեկ Մալյանին և ՎԵՏՕ նախաձեռնությանը օտարերկրյա գործակալական ցանցի դեմ մղվող պայքարում»,- նշեց նա:

Արթուր Դանիելյանն էլ հավելեց, որ այս պահին իրենց միակ պլանավորված քայլը այստեղ այցելելն էր:  «Օտարերկրյա ցանցի դեմ պայքարը մեզ համար ոչ միայն օրակարգային է, այլ նաև գերնպատակ է հանդիսանում: Հայաստանում անցած տարի տեղի ունեցած հեղաշրջումը և պարբերաբար տապալվող սահմանադրական կարգը հիմնականում հենց հովանավորվել է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից, և այդ ցանցի «իզումրուդը» հենց Սորոսի գրասենյակն է Հայաստանում»,- ասաց Դանիելյանը և հավելեց. «Մենք կմասնակցենք բոլոր ակցիաներին, որոնք ՎԵՏՕ-ն կնախաձեռնի»:

«Հետաքրքիր բացահայտումներ եմ անելու իշխանության ներսում ամեն մարդու նկատմամբ, որը չի ծառայել ՀՀ զինված ուժերում, այս կամ այն պատճառաբանությամբ խուսափել է բանակում ծառայելուց»: Լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Քանի որ ռազմական ոստիկանությունում եմ ծառայել, կներկայացնեմ փաստեր՝ ըստ նպատակահարմարության»,- ասաց նա:

Մալյանը տեղեկացրեց, որ Հայաստանի բոլոր կուսակցություններին ՎԵՏՕ-ն ուղարկել է 3 կետանոց օրակարգ: Նա նշեց, որ երեք կուսակցությունից պատասխան ստացել են, որոնք այսօր ՎԵՏՕ-ի ֆեյսբուքյան էջում կտեղադրեն: Այդ կուսակցություններն են ԼՀԿ-ն, ՀՀԿ-ն, «Իմ քայլը»:

«Չեմ ուզում գնահատականներ հնչեցնել նրանց պատասխանների նկատմամբ: Կցանկանայի, որ  մարդիկ կարդան ու իմանան՝ Սորոսը որ կուսակցությանն է հովանավորում, Սորոսը Հայաստանում որ քաղաքական ուժի հովանու ներքո է խոսում»,- հայտարարեց նա:

tert.am