fb-share_65SW3.png

Ջնջում են Հայոց պատմությունը և գրում նորը, որտեղ հերոսը ոչ թե զորավար Անդրանիկն է, այլ տրանսվեստիտ Կարաբինան. Նարեկ Մալյան

Այսօր ՎԵՏՕ-ի խորհդի նիստում որոշում է կայացվել ամբողջությամբ աջակցել այս բողոքի ցույցերին բոլոր հնարավոր ձևերով՝ սկսած ֆիզիկապես մասնակցությունից և կազմակերպչական աշխատանքներին միանալուց, քանի որ պայքար է սկսվել այն ամենի դեմ, ինչի մեջ կա հայ վանկը:  Այս մասին ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիրներից Նարեկ Մալյանը:

Նա նշեց, որ որոշում են կայացրել միանալ այս ակցիային, քանի որ ուսանողների նախաձեռնությունը բխում է բոլորի շահերից և մեջը ներառում է ՎԵՏՕ-ի օրակարգից բխող հարցեր:

Հարցին՝ ո՞րն է  Արայիկ Հարությունյանի ամենակոպիտ սխալը, որ միանում են նրա հրաժարականի պահանջին, Մալյանը նշեց, որ դեռևս հունիս ամսին ՎԵՏՕ-ն արձանագրել և հրապարակում էր արել առ այն, որ ՀՀ-ում իշխանությունը զավթված է օտարերկրյա ցանցի կողմից. «Դա Սորոսի գործակալական ցանցն է, Արայիկ Հարությունյանը աշխատավարձ է ստացել Ջորջ Սորոսից՝ աշխատելով «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունում, որը Սորոսի կողմից հիմնադրված հիմնարկ է»,- ասաց նա:

Մալյանը նշեց, որ փոխնախարարները ևս անմասն չեն դրանից. դրամաշնորհներ են ստացել Ջորջ Սորոսից: Նա որպես օրինակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանին, որն, ըստ նրա, 2016, 2017 և 2018 թվականներին ընդհանուր առմամբ 130 հազար դոլար դրամաշնորհ է ստացել:

Մալյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ ուսանողությունն այստեղ է, բողոքում է ուսման հետ կապված գործընթացների դեմ, բայց չկան այն վարձկան ուսանողները, որ, օրինակ, պայքարում էին հանուն տարկետման և ներկայանում էին ուսանողների անունից:

«Ո՞ւր են նրանք, չկան, գոյություն չունեն: Մոտ մեկ շաբաթ է՝ երկրում տեղի են ունենում ուսանողական ցույցեր, բայց այդ սորոսական ուսանողների կողմից ձեն չկա, որովհետև իրենք չեն ներկայացնում ուսանողության շահերը»,- ասաց նա:

Հարությունյանի հրաժարականի պահանջին միանալու պատճառներից մեկն էլ այն է, ըստ Մալյանի, որ նախարարությունն այժմ հայ բառով, վանկով սկսվող ցանկացած բանի դեմ է: «Պայքար է սկսվել հայ բառի նկատմամբ, նրանք հանում են «Հայոց լեզուն», «Հայոց պատմությունը», «Հայ եկեղեցու պատմությունը», փակել են «Հայ ասպետ» հաղորդումը: Հիմա փորձում են բռնի դավանափոխել մեզ, իսկ այս մարդիկ շատ կարևոր գործ են անում, իրենք կանգնած են բռնի դավանափոխության դեմ: Ջնջում են Հայոց պատմությունը և նոր պատմություն են գրում, որտեղ հերոսը ոչ թե զորավար Անդրանիկն է, այլ տրանսվեստիտ Կարաբինան»,- ասաց Մալյանը:

tert.am