557826_dz0np.jpg

Ինչու՞ պետք է օլիգարխ Ծառուկյանը վճարի հարկեր, իսկ օլիգարխ Սորոսը՝ ոչ

Բաց հասարակության կամ, այսպես կոչված, Սորոսի հիմնադրամի դեմ հեղափոխությունից հետո ակտիվ պայքարող Նարեկ Մալյանն օրերս հրապարակեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի N 86-Ա որոշումը՝ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող մի շարք կազմակերպություններ «բարեգործական» ճանաչելու մասին: Այդ թվում՝ հայտնի լրատվամիջոցներ ու ՀԿ-ներ, որոնք գրանտ են ստանում հիմնադրամից։ Օրինակ՝ «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը», «Հանրային լրագրության ակումբը», factor.am լրատվական կայքը, Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» եւ այլն։ Ավինյանի ստորագրած որոշման մեջ նշված է․ «Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝ բարեգործական որակել Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից 2019-2020 թվականներին իրականացվող 3, 203, 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողությամբ ծրագիրը»:

Թե ինչ բարեգործություն են իրականացնում այս ՀԿ-ները, փորձեցինք տեղեկանալ Ավինյանի գրասենյակի ղեկավարից՝ Վարագ Սիսեռյանից, որը միաժամանակ Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի նախագահն է, որը քննում է կազմակերպությունների հայտերն ու որոշում՝ դրանք բարեգործակա՞ն են, թե՞ ոչ։ «Եթե հայտը համապատասխանում է գործող օրենքին եւ 2003թ. որոշմանը, ապա հանձնաժողովը, անկախ նրանից, թե ով է հայտատուն, որեւէ հիմք չունի այն մերժելու եւ ընդունելով հայտը՝ դրական եզրակացությամբ որոշման նախագիծը ներկայացնում է լիազոր մարմնի՝ փոխվարչապետի ստորագրմանը: Այսինքն՝ այստեղ ո՛չ փոխվարչապետը, ո՛չ էլ հանձնաժողովը որեւէ կամայական որոշումներ չեն կայացնում»,- վստահեցրեց գրասենյակի ղեկավարը։ Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը, որը համարվել է բարեգործական, Սիսեռյանը հիմնավորումն ուղարկեց․ «Ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, մարդու իրավունքների եւ ազատությունների իրացմանն ուղղված առավել չափելի եւ արդյունավետ բարեփոխումներին, խրախուսել եւ նպաստել հանդուրժողականության տարածմանը` հասարակության տարբեր խոցելի խմբերի նկատմամբ, աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցների զարգացմանը, տարածել բաց հասարակության արժեքները եւ սատարել թափանցիկ ու արդյունավետ պետական կառավարմանը նպաստող քաղաքականության մշակմանն ու դրա կյանքի կոչելուն՝ հանրային կյանքի տարբեր ոլորտներում»։ Բայց այս ձեւակերպումը կարող է տարածվել ցանկացած ԶԼՄ-ի եւ ՀԿ-ի վրա։

Ըստ Սիսեռյանի՝ տվյալ կազմակերպություններին տրվում են հետեւյալ արտոնությունները․ ապրանքների, սարքավորումների, գրքերի եւ գրականության, ուսումնական նյութերի ներմուծման եւ ձեռքբերման դեպքում մաքսային վճարներից եւ ԱԱՀ-ից ազատում, հեռահաղորդակցման եւ կապի ծառայությունների վարձավճարների ազատում ԱԱՀ-ից, տպագրական ծախսերի ազատում ԱԱՀ-ից, կոնֆերանսների, սեմինարների կազմակերպման հետ կապված տարածքի վարձակալության, հյուրանոցային, տրանսպորտային եւ այլ ծառայությունների ազատում ԱԱՀ-ից, տարեկան ֆինանսական աուդիտի ծախսերի ազատում ԱԱՀ-ից։ Վարագ Սիսեռյանը մեզ հիշեցրեց, որ Բաց հասարակության հիմնադրամի ծրագրերը բարեգործական են որակվել նաեւ  2004,  2005, 2006, 2007 թվականներին, ապա՝ 2013, 2015 եւ 2017 թթ․, եւ հատուկ շեշտեց, որ իրենք բարեգործական են համարել ծրագիրը, ոչ թե այս կամ այն կազմակերպությունը։

Մենք Նարեկ Մալյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ էր, որ նախկինում եւս այս հիմնադրամի ֆինանսավորած ծրագրերը համարվել են բարեգործական՝ ազատելով հարկերից, եւ եթե տեղյակ էր, ինչո՞ւ առաջ չէր բարձրաձայնում այդ մասին։ Ասաց․ «Եթե, օրինակի համար, նախկինում մարդիկ վազելով եկել են, գլուխները տվել պատին, դա ամենեւին չի արդարացնում, որ էսօրվա իշխանությունն էլի վազելով գալիս ա ու գլուխը տալիս պատին։ Այսինքն՝ նախկինի արարքներն էսօրվա արարքներով չի արդարացվում»։ Ապա ընդգծեց, որ միշտ էլ դա համարել է սխալ եւ հիմա էլ մեղադրում է նախկիններին ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելու մեջ։ «Այսինքն՝ էս խնդիրը հո հիմա՞ չի առաջացել, էս խնդիրն առաջացել ա տարիներ առաջ։ Սա ես բարոյահոգեբանական մասն եմ ասում»։ Իսկ Ավինյանի գրասենյակի պատասխանը՝ նախորդ տարիների հիշեցումով, Մալյանը համարեց էժան մանիպուլյացիա, որով փորձում է արդարանալ կառավարությունն «իր այսօրվա կերած բողկերի համար»։

Մալյանը հիշեցրեց, որ նախկինում Բաց հասարակության հիմնադրամի ծրագրերով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել, օրինակ, «Ա1+» հեռուստաընկերությանը, կամ սոցիալական բնույթի հաղորդում է իրականացվել «Երկիր մեդիայի» եթերում։ «Սա ուրիշ բան է, ուրիշ բան է այդ ծրագրերի շրջանակում ամբողջությամբ ստեղծել, հիմնադրել ու պահպանել մի ամբողջ ինտերնետային հեռուստաընկերություն, ինչպիսին, օրինակ, «Ֆակտորն» է։ Ստացվում  է, որ «Ֆակտորը», քանի որ համարվում է արդեն բարեգործական ինչ-որ ձեռնարկ, ինքը ներմուծում է տեխնիկա՝ կամերաներ, տելեսուֆլյորներ եւ այլն՝ առանց ԱԱՀ-ի։ Իսկ, օրինակ, «Հրապարակ» թերթն էդ նույն տեխնիկան ներմուծելիս հանդիպում է ավելացված արժեքի հարկի եւ այլ հարկերի։ Ընդհանուր առմամբ՝ մոտ 3.5 մլն դոլարի մասին է խոսքը, որից, եթե 20 տոկոս ԱԱՀ-ն հանում ենք, ապա մոտավորապես 700 հազար դոլար փող չի մտնում բյուջե»,-ասաց Մալյանը։ 

«Ինքը ստիպում է փոքր ու միջին բիզնեսին մտնել հարկային դաշտ, բայց, միեւնույն ժամանակ, շարունակում է նախկինների քաղաքականությունը՝ Բաց հասարակության հիմնադրամներին, կասկածելի նպատակներով ստեղծված հեռուստաընկերություններին ու քարոզչամիջոցներին բարեգործական որակելով։ Օրինակի համար՝ ինչո՞ւ պետք է օլիգարխ Գագիկ Ծառուկյանը վճարի հարկեր, իսկ օլիգարխ Ջորջ Սորոսը՝ ոչ»,- ասաց Մալյանը։ Իսկ եթե այդքան վատն է Սորոսի հիմնադրամը, ինչո՞ւ «Սերժի վախտ» չէր պայքարում դրա դեմ։ «Իմ պայքարի հիմնական մոտիվացիան նրանում է, որ Բաց հասարակության հիմնադրամի շահառուներն իրենց կասկածելի նպատակներով եկել մտել են իշխանության մեջ եւ հիմա կոնկրետ փայատեր են այդ իշխանությանը։ Առաջ էդպես չէր։ Առաջ նրանք հանդես էին գալիս ընդդիմադիրի, պահանջատերի դիրքերից եւ միգուցե իրենց էդ կեղծ, պետականաքանդ նպատակները քողարկում էին «մարդու իրավունքներ», «ժողովրդավարություն» բառերի ներքո»,-եզրափակեց Մալյանը։

hraparak.am