fb-share_cXLcc.png

«ՎԵՏՕ»-ն վետո է հայտարարում օտարերկրյա գործակալական ցանցին, պետության քանդողներին, եկեղեցին պղծողներին․ նախաձեռնությունը կոչով դիմեց ԵԱՏՄ երկրների և Իրանի նախագահներին

Մատենադարանի մոտ տեղի ունեցող հավաքին «ՎԵՏՕ» նախաձեռնությունը ներկայացվեց իր պայքարը «Բաց հասարակության հիմնադրամի դեմ»: Հասարական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը  նշեց, որ որքան էլ Սորոսից վարձատրվողները լեգենդներ հյուսեն իրենց մասին, իրենց ռեսուրսները խիստ սահմանափակ են:

«Բայց մենք՝ վետօականներս, կոտրվող տեսակ չենք, ամեն շինծու հետապնդմանը մենք պատասխանելու ենք ճշմարտության բացահայտմամբ, մենք նահանջելու տեղ չունենք: «Բաց հասարակության հիմնադրամը» ամիսներ առաջ վախից փակեց իրենց կայքում գրանտակերների մասին տեղեկատվությունը, այս 22 տարվա մեջ առաջին անգամ այդ անունները թաքուն են պահվում: Բաց հասարակության հիմնադրամները ՎԵՏՕ-ն դարձրեց փակ հասարակության հիմնադրամներ»,-հայտարարեց նա և տեղեկացրեց, որ, օրինակ՝ «Սորոսի գրասենյակից» իրավապաշտպան Արթուր Սաքունցը հունվար ամսին 130 հազար ԱՄՆ դոլար գումար է ստացել խաղաղասիրության քարոզ իրականացնելու համար:

«Այս պահից սկսած՝ «ՎԵՏՕ»-ն հայտարարում է օտարերկրյա գործակալական ցանցին` վետո, պետության քանդողներին` վետո, եկեղեցին պղծողներին՝ վետո, Սորոսի վաստակներին` վետո, մարդասպան ահաբեկիչներին` վետո, ստին ու կեղծիքին` վետո»,-ասաց նա:

Նարեկ Մալյանը նշեց, որ պատրաստել են հայտարարության տեքստ, որը նախատեսում են տրամադրել մեր երկիր այցելած բարեկամ երկրների ղեկավարներին և տեղեկացնել «Սորոսի գործակալական ցանցի վտանգների» մասին: Նա նաև նշեց, որ ցանկանում են  կոչ անել մեր երկրի հյուրերին՝ համախմբել բոլոր ուժերը ինչպես տնտեսության հարցերում, այնպես էլ անվտանգության հարցերում և Սորոսի գործակալական ցանցի դեմ պայքարում:

Նա կոչ արեց շարժվել Բաղրամյան 26, որտեղ տեղի է ունենում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ նիստը:

tert.am