press-logos_yQqUk.jpg

Չեմ զարմանա, որ Արցախից էլ զորքեր բերվեն. Նարեկ Մալյան

Իմ տեղեկություններով՝ ներքին զորքերը տագնապային վիճակի են բերվել, իշխանությունը սարսափում է այս ցույցի հեռանկարից, եւ չեմ զարմանա, որ Արցախից էլ զորքեր բերվեն: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը: Նշենք, որ արդեն 3 ժամ է, ակցիայի մասնակիցները փորձում են ճեղքել ոստիկանության կազմած պատնեշը, սակայն ոստիկանները դիմադրում են եւ հետ մղում մասնակիցներին: «ՎԵՏՕ» շարժման մասնակիցները պահանջում են լուծարել Հայաստանում գործող «Բաց հասարակությունների գրասենյակ» հիմնադրամը.

«Սա աննախադեպ իրավիճակ է, որ ոստիկանության այս թվաքանակի կուտակում կա այս գրասենյակի դիմաց: Նրանց թիվը արդեն կրկնապատկվում է: Բայց մենք ինչքան ուզենք կմնանք այստեղ: Ինչքան որ մնացին դատարանների դեմը, Ազգային Ժողովի դեմը, բոլոր տեղերում ինչքան մնացին, մենք էլ էտքան կմնանք»,- ասաց ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը:

Ակցիային մասնակցող Yellow Vest (Դեղին ժիլետներ) ցույցերի կազմակերպիչը, ազգությամբ հայ Քրիս Բերտերյանն այս երեւույթը համարեց ոչ նորմալ, նշելով, որ ոստիկանները պետք է պաշտպանեն իրենց. «Ոստիկանությունն աշխատում է մարդկանց դեմ: Նրանց պարտականությունն է պաշտպանել մեզ, սակայն նրանք չեն պաշտպանում: Եվ դա նորմալ չէ: Ամոթ, ամոթ, ամոթ»,- ասաց նա:

Ռամկավար Ազատական Կուսակցության անդամն ասաց, որ ոստիկաններն այս պահին խախտում են Հավաքների ազատության մասին օրենքի պահանջները.

«Դուք նույն հաջողությամբ, նույն քանակությամբ եւ ոգեւորությամբ կարող էիք դատարանների դռները փակելու կարգը պահել»,- ասաց նա:

Նշենք, որ ոստիկանները թույլ չտվեցին livenews.am-ի թղթակցին մոտենալ «Բաց հասարակությունների գրասենյակի» հիմնադրամի շենքին: Լրագրողը ցանկանում էր հարցազրույց վերցնել հիմնադրամի անդամներից: Ոստիկաններն հայտնեցին լրագրողին, որ կփոխանցեն իր պահանջը, եթե կհամաձայնվեն, ապա թույլ կտան մտնել հիմնադրամ.

«Դա բաց կառույց է, եւ ես իրավունք ունեմ մուտք գործելու: Դիմելու եմ ոստիկանապետին, Գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, իմ մասնագիտական օրինական գործունեության իրավունքը խախտելու համար: Ձեր վարչության պետին նաեւ փոխանցեք, որ այստեղ դուք անօրինականություն եք թույլ տալիս: Մի հասցրեք նրան, որ ժողովրդի համբերության բաժակը լցվի»,- ասաց նա եւ փորձեց ճեղքել պատնեշը, սակայն ոստիկանները հետ հրեցին նրան: 

Նշենք, որ ոստիկանները շարունակում են փակ պահել հիմնադրամ տանող ճանապարհը: Ոստիկանության մեծաքանակ կուտակում կա: Այստեղ են նաեւ կարմիր բերետավորները:

Նշենք, որ «ՎԵՏՕ» շարժմանն իր աջակցությունն է հայտնել Yellow Vest (Դեղին ժիլետներ) ցույցերի կազմակերպիչ, ազգությամբ հայ Քրիս Բերտերյանը, «Ադեկվադ» կուսակցությունը, Ռամկավար Ազատական Կուսակցությունը եւ «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ-ն:

Հիշեցնենք, որ նմանատիպ ակցիա «ՎԵՏՕ» շարժման մասնակիցները իրականացրել են նաեւ մայիսի 31-ին. ոստիկանությունը կրկին թույլ չի տվել մոտենալ գրասենյակին:

news.am