10171572226203942648953302977773621717499904n_K1GZK.jpg

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման խնդրանքն Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վեհափառ Տեր,
Շուրջ երկու տարի է՝ Հայաստանում հպարտության մահացու մեղքն է իշխում: Հանրությանը ալեկոծած, պառակտած ու բաժանած մարդկանց մի խումբ պետությունը հասցրել է աղետալի կործանման եզրին: Ապաշնորհ կառավարման վնասներին ավելացել է համավարակի մահաբեր տարածումը:

Մարդիկ մոլորված են և չգիտեն՝ որն ընտրել՝ իրենց հանապազօրյա հացի խնդրի լուծման ճանապարհով վարակվելու և մահանալու վտանգի տակ հայտնվե՞լ, թե՞ փակվել և ինքնամեկուսանալ՝ առանց նյութական որևէ աջակցության ու հույսի:

Հայաստանում իշխանություն կրող մարդիկ, փոխանակ զբաղվեն այդ կենսական խնդիրների լուծմամբ, ջանք ու եռանդ չեն խնայում՝ գիշեր-ցերեկ աղետի մեղավորության ծանրությունը հասարակ մարդկանց վրա փոխանցելու:

Մեր հայրենիքի համար այս ծանր պահին որդիական հնազանդությամբ Ձեր օգնությանն ու խորհրդին ենք ապավինում: Դիմում ենք խնդրանքով՝ հանդիպել Ձեզ հետ և քննարկել՝ Ձեր խորհրդով ու աջակցությամբ այս ծանր իրավիճակից մեր փխրուն պետականությունը դուրս բերելու հույսով:

Ձեր հայրապետական օրհնությանը կարոտ՝ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիրներ