10484185626366502866030612184344310640869993o_-gNbt.jpg

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կոչը

Այսօր ականատես եղանք, թե ինչպես է իշխող քաղաքական ուժը հերթական անգամ տապալում ՀՀ-ում սահմանադրական կարգը՝ արհամարհելով անգամ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը:

Ըստ էության, պետության զավթման արդյունքում պետականությանը հասցված վնասները մեղմելու հնարավոր միակ տարբերակը խորհրդարանական ընդդիմության քաղաքական կամքի դրսևորումն է:

Կոչ ենք անում խորհրդարանական ընդդիմություն հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ տուրք չտալ իշխանության կողմից՝ սպառնալիքի ու շանտաժի միջոցով լռեցնելու և պայմանավորվելու գործելաոճին, դուրս գալ արդարացումների դիրքից, «նախկին», «ավելի նախկին», «ամենանախկին» իշխանությունների հետ ասոցացվելու արհեստական վախից, որը ներշնչել են գործող իշխանությունները, և վերջապես դրսևորել ընդդիմադիր քաղաքական ուժին վայել վարքագիծ:

Ընտրությունը ձերն է. կա՛մ կիսում եք այս ամենի պատասխանատվությունն իշխանությունը զավթած խմբավորման հետ, կա՛մ սեփական քաղաքական գիծն եք առաջ տանում՝ ձեր լիազորությունների շրջանակում դիմում եք Սահմանադրական դատարան՝ վիճարկելով տեղի ունեցող խեղկատակության սահմանադրականությունը:

Ընտրելով Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը դառնալու տարբերակը՝ դուք մեկընդմիշտ զրկվելու եք որպես ինքնուրույն քաղաքական ուժ հանդես գալու իրավունքից, քանի որ այլևս դիտարկվելու եք իբրև իշխանությանը կից քաղաքական միավոր:

Այս պարագայում, արդարացված են բոլոր այն ստորություններն ու ռեպրեսիվ մեթոդները, որոնք գործող իշխանության կողմից ցուցաբերվում են ձեր նկատմամբ՝ ԱԺ-ի դահլիճում ծեծի ենթարկվելուց մինչև քաղաքական հետապնդումներ:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում քաղաքական կամք դրսևորել և կասեցնել պետության վերջնական զավթումը. այլ հնարավորություն այլևս չի լինելու: