veto---eng5_sOL5M.jpg

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը՝ «Հայելի» ակումբի վրա այսօր տեղի ունեցած հարձակման կապակցությամբ

   «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն իր մտահոգությունն է հայտնում մամուլի վրա այսօր տեղի ունեցած հարձակման և ազատ խոսքի նկատմամբ կատարված ոտնձգության կապակցությամբ։

Մենք կապ հաստատեցինք լրագրող, «Հայելի» ակումբի և համանուն հաղորդման հեղինակ ու հաղորդավար Անժելա Թովմասյանի հետ և, ցավոք, արձանագրում ենք, որ մեր վատագույն կանխատեսումներն այսօր իրականություն են դարձել։ Այս հարձակումն առանձնահատուկ է ոչ միայն նրանով, որ իրականացվել է ազատ խոսքի նկատմամբ, այլև, ըստ հարձակվողների խոսքերի, ուղղված է թե Անժելա Թովմասյանի անձի, թե նրա՝ «Թովմասյան» ազգանունը կրելու փաստի և թե ողջ ընտանիքի դեմ, ինչն, անշուշտ, դատապարտելի է։ Ի դեպ, վերջին անգամ նմանատիպ՝ ազգանվան պատճառով հետապնդումներ տեղի են ունեցել 1937 թվականին։

Այս խառնակ ու կեղտոտ ժամանակները շա՛տ շուտով և շա՛տ արագ ավարտվելու են, բայց սա բացառիկ հնարավորություն է դեմքով ճանաչելու և իմանալու բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են նմանատիպ ստոր քայլերի ու ոտնձգությունների՝ հանուն մի քանի գրոշի:

Մենք մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում հայտնի լրագրող Անժելա Թովմասյանին՝ պատվով դիմակայելու այս մութ և խառնակ ժամանակներին, ինչպես նաև «Թովմասյան» ազգանունը կրող ՀՀ բոլոր քաղաքացիներին։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում