desktop_hpJKt.jpg

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը

Հարգելի պարոն Նախագահ, Ժան և Ալբերտ Պողոսյաններ, 2001 թվականից ավանդույթ է դարձել ՀՀ Նախագահի մրցանակի շնորհումը մեր տաղանդավոր հայրենակիցներին, ովքեր այս կամ այն ոլորտում հետաքրքիր նախաձեռնություններով են հանդես գալիս՝ այդպիսով խթանելով տվյալ ոլորտի զարգացումը:

Մենք տեղեկություն ունենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ներդրումի համար շնորհվող ամենամյա մրցանակն այս տարի անհասկանալի պատճառներով որոշվել է տալ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի (ավելի հայտնի որպես «Սորոսի հիմնադրամ») շահառու Հրանուշ Խառատյանին:

Խառատյան ընտանիքը տարիներ շարունակ, տարբեր դրամաշնորհների դիմաց, իր ամբողջ ներուժն ուղղել է թուրքերին բարի և լավ քողի տակ ներկայացնելուն, Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը Թուրքիա պետության պատասխանատվության դաշտից հանելուն, հայոց պահանջատիրությունից հետ կանգնելուն, ինչպես նաև միակողմանի խաղաղասիրության քարոզչության իրականացմանը։

Հրանուշ Խառատյանի դուստրը՝ Լուսինե Խառատյանը, տարբեր ձևաչափերով հայ-թուրքական հաշտեցման ծրագրեր է իրականացնում, որտեղ ակնհայտ միակողմանի խաղաղասիրության և թրքասիրության տարրեր կան։

Իսկ Հրանուշ Խառատյանի որդին՝ Արսեն Խառատյանը, ապրիլի 23-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց բոլոր հայերի անունից՝ թուրքերին ներելու պատրաստակամության մասին։

Բարձր գնահատելով Ձեր և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համատեղ ջանքերը՝ խրախուսել մեր հայրենակիցներին, ինչպես նաև հաշվի առնելով Հայոց ցեղասպանության հարցի կարևորությունն ու նրբությունները՝ կոչ ենք անում չշնորհել վերոնշյալ մրցանակը Հրանուշ Խառատյանին, քանի որ նա, մեր կարծիքով, ոչ միայն չի արժանացել այդ մրցանակին, այլև արել և անում է ամեն հնարավորը՝ Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը չեղարկելու համար։