Ես հույս ունեմ, որ կլինեն վճռական գործողություններ, քանի որ այս իշխանությունների ամեն օրն ու ամեն ժամը հղի է այսպիսի վտանգավոր գործողություններով։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում Կառավարության շենքի դիմաց ակցիայի ժամանակ ասաց հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի մասին:
Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է հայտարարության լուսանկար, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ։ Այն, ըստ էության, նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանին դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնել։ Կառավարության նիստի ժամանակ փաստաթղթի մասին լուրը հաստատել էր նաև Նիկոլ Փաշինյանը։
«Այս ամենի գլխավոր պատասխանատուին և իր դավաճանական ոհմակին, գործակալական ցանցին պետք է հանել, դատել ու հայերով նստել, մտածել՝ ինչ ենք անելու այս ամենի տակից դուրս գալու համար։ Մեր մեջից մեկին էլ պետք է պատվիրակել, որ գնա ու բանակցի։ Չարաչար սխալվում են, թե կարող են էս ամենի տակից դուրս գալ։ Այս մարդկանց ոհմակը կանգնելու է ժողովրդի դատաստանի առաջ»,–նշեց Մալյանը։
Վերջինս ևս մեկ անգամ շեշտեց, որ պետք են վճռական գործողություններ․ «Ես ամեն ինչ անելու եմ, որ լինեն վճռական գործողություններ»։